• Home
  • «Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» | Քրիստինե Խանոյան

«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» | Քրիստինե Խանոյան

«Թվային կայուն միջավայրի ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Թվային հաղորդակցության համայնքի անդամներ, մասնագիտությամբ լրագրողներ՝ Քրիստինե Խանոյանը և Ռիմա Գրիգորյանը գրել են տեղեկատվական հոդվածներ ապատեղեկատվության դեմ պայքարի մասին:

Հոդվածներում ներկայացվում է՝ ինչ է ապատեղեկատվությունը, ինչպես տարբերակել ճիշտ տեղեկատվությունը կեղծից, ինչպես կարող է մեդիան հակազդել ապատեղեկատվությանը, ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցները և այլ թեմաներ: 

 

Ծրագիրն իրականացվում է DCN (Digital Communication Network)-ի և CRI (Civic Resillence Initiative)-ի կողմից Հայաստանում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ:


Քրիստինե Խանոյան

 

Ապատեղեկատվությունը և սոցիալական ցանցերը

 

Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս ամբողջ աշխարհում գտնվող մարդկանց միջև սահմանները կոտրել․ նախկինում առկա անհասանելիությունը այլևս միֆ է։ Սակայն բացի դրականից դրանք ունեն նաև բացասական կողմեր. նպաստում են ապատեղեկատվական արշավների և կեղծ լուրերի տարածմանը։

 

Ապատեղեկատվությունը ներառում է կեղծ և համատեքստից դուրս տեղեկատվություն, որը տարածվում է խաբելու կամ մոլորեցնելու նպատակով հիմնականում այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են խեղաթյուրել հասարակական կարծիքը կամ կեղծ օրակարգեր ստեղծել ու ապահովել դրանց առաջխաղացումը։

 

Ապատեղեկատվությունը կարող է տարածվել առցանց տարբեր դերակատարների կողմից` ներառյալ կառավարությունները, պետության կողմից աջակցվող կազմակերպությունները, ծայրահեղական խմբերը և անհատները:

 

Սոցիալական ցանցերի ազդեցությունն անհերքելի է. Facebook-ում ամեն օր ներբեռնվում է մոտ 300 միլիոն նոր լուսանկար, Twitter-ում ամեն վայրկյան հրապարակվում է վեց հազար թվիթ, YouTube-ի ամենահայտնի ալիքները շաբաթական ավելի քան 14 միլիարդ դիտում են ստանում, իսկ Telegram հաղորդագրությունների հավելվածն ունի ավելի քան 500 միլիոն օգտատեր:

 

Սոցիալական մեդիա հարթակները միավորում են տարբեր հասարակությունների մարդկանց՝ հեշտացնելով տեղեկատվության փոխանակումը, ինչը ընդամենը երկու տասնամյակ առաջ անգամ աներևակայելի էր: Սոցիալական մեդիա հարթակների ապատեղեկատվությունը նույնպես լայն տարածում է գտել. նման հարթակներն օգտագործվում են անկայունությունը խթանելու, քաղաքական կոնֆլիկտներ տարածելու և բռնության կոչեր անելու համար։ 

 

Օքսֆորդ համալսարանի անցկացված հետազոտությունների համաձայն, սոցիալական ցանցերում կազմակերպված ապատեղեկատվության արշավներ են իրականացվել առնվազն 81 երկրներում, և այս միտումը տարեցտարի շարունակում է աճել՝ պետական ​​և մասնավոր կազմակերպությունների կողմից։

 

Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը կարող է մեծացնել անկարգությունների վտանգը տարբեր քաղաքական միջավայրերում՝ սկսած ռեպրեսիվ/ավտորիտար (Չինաստան, Մյանմա, Վենեսուելա, Ռուսաստան և այլն) մինչև կիսաժողովրդավարական (Ֆիլիպիններ, Հնդկաստան, Ինդոնեզիա և այլն):

 

Ապատեղեկատվությունը սոցիալական ցանցերում նաև տարածվել է այն երկրներում, որոնք պատմականորեն ունեցել են ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ` ներառյալ Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը, մասամբ ինստիտուտների նկատմամբ վստահության պակասի և ներքաղաքական ազդեցությունների պատճառով:



Օրինակ՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Twitter-ը բացահայտեց ավելի քան 50,000 Ռուսաստանի հետ կապված սպամ օգտատերերի հաշիվներ, որոնք տարածում  էին ընտրությունների հետ կապված պառակտող նյութեր: Կլիմայի փոփոխության ժխտումը, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և պատերազմը Սիրիայում այլ հարցեր են, որոնք նույնպես ապատեղեկատվության մեծ հոսք ստեղծեցին։

 

Կեղծ լուրերը տարածվում են ավելի արագ և ավելի լայն, քան ճշմարիտ տեղեկատվությունը, ասվում է 2018 թվականի հետազոտության մեջ, որը հրապարակվել է Science-ում MIT Sloan պրոֆեսոր Սինան Արալի, Դեբ Ռոյի և MIT Media Lab-ից Սորուշ Ոսուղիի կողմից: Նրանք պարզել են, որ կեղծիքը 70%-ով ավելի հավանական է տարածվում Twitter-ում, քան ճշմարտությունը:

 

Այս էֆեկտը քաղաքական նորությունների դեպքում ավելի ընդգծված է, քան մյուս ոլորտների: Հետազոտողները պարզել են, որ բոտերը նույն արագությամբ տարածում են ճշգրիտ և կեղծ տեղեկությունները, սակայն մարդիկ ավելի հակված են տարածելու կեղծ տեղեկատվությունը: Հիմնական պատճառն այն է, որ մարդկանց գրավում է նոր և անսովոր տեղեկատվությունը, ինչպիսին էլ հաճախ հենց կեղծ լուրերն են: 

 

Ամենաշատ ապատեղեկատվության հոսքը կապված էր COVID-19 համաճարակի հետ։ Իհարկե հիմնախնդիրը առաջնային էր, նույնիսկ համաճարակին վերաբերող ապատեղեկատվությանը տրվեց անուն՝ ինֆոդեմիա։

Այս թեմայով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա և ՄԱԿ-ի ապատեղեկատվության դեմ պայքարի առաջամարտիկներից Գայ Բերգերը ասել է․ «Դժվար թե գտնվի որևէ ոլորտ, որը չի տուժել ապատեղեկատվությունից՝ COVID-19 ճգնաժամի պատճառով»:

 

Հսկայական թվով կեղծիքներ կան կորոնավիրուսի մասին։ Օրինակ, Google-ի և Yandex-ի որոնման արդյունքների համաձայն, Կենտրոնական Ասիայում առաջին տեղը զբաղեցնում է այն ապատեղեկատվությունը, որ Չինաստանը իբր 20 միլիարդ դոլար է վաստակել կորոնավիրուսից։ Հաջորդ օրինակն այն է, որ COVID-19-ի ենթադրյալ բուժման մասին մի շարք առասպելներ հայտնվեցին վերնագրերում:

 

Ըստ The Washington Post-ի՝ Նյու Յորքի համալսարանի և Ֆրանսիական Գրենոբլ Ալպերի համալսարանի հետազոտողները պարզել են, որ 2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում ապատեղեկատվության հայտնի մատակարարների հոդվածները ստացել են 6 անգամ ավելի շատ հավանումներ, վերահրապարակումներ, քան օրինական կայքերի լուրերի հոդվածները:

 

Ապատեղեկատվությունը կարող է անհավատալի արագ տարածվել՝ շնորհիվ տեխնոլոգիայների, արագության և ինտերնետի հասանելիության: 

 

Ըստ MIT Sloan-ի պրոֆեսոր Դեյվիդ Ռենդի և Գորդոն Փենիքուկի, մարդիկ, ովքեր կիսում են ապատեղեկատվություն, ավելի շուտ ծույլ են, քան` կողմնակալ: Նրանց 2018-ի ուսումնասիրությունը, որը մարդկանց խնդրում էր գնահատել նորությունների վերնագրերի ճշգրտությունը Facebook-ում, ցույց տվեց, որ վերլուծական մտածողություն ունեցող մարդիկ, ավելի հավանական է, որ տարբերեն ճիշտը կեղծից՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից:

 

Ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն միջոցը շարունակում է մնալ քննարկման բարդ թեմա: Այնուամենայնիվ` փորձագետները ընդհանուր առմամբ համաձայն են, որ հասարակության և սոցիալական մեդիա ընկերությունների միջև համագործակցությունը կարևոր է, և որ ապատեղեկատվության տարածման զսպումը անխուափելի է:





Ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցները

 

Ապատեղեկատվությունը խեղաթյուրված կամ միտումնավոր կեղծ տեղեկատվության տարածումն է՝ քարոզչական, ռազմական (թշնամուն մոլորեցնելը) կամ այլ նպատակների հասնելու համար: Ապատեղեկատվությունը ինֆորմացիայի մանիպուլյացիայի գործընթացն է՝ ինչ-որ մեկին մոլորեցնելը՝ թերի տեղեկատվություն տրամադրելով, կոնտեքստը խեղաթյուրելով:

 

Ըստ Oxford Living Dictionary-ի, հայեցակարգը մի փոքր այլ տեսք ունի: Այն սահմանում է ապատեղեկատվությունը որպես «կեղծ տեղեկատվություն կամ քարոզչություն, որն ուղղված է ապակողմնորոշելուն, որը ստեղծվել է կառավարական կազմակերպությունների կողմից ընդդեմ ընդդիմության կամ լրատվամիջոցների»։

 

Նման ազդեցության նպատակը միշտ նույնն է՝ հակառակորդը պետք է գործի այնպես, ինչպես պետք է մանիպուլյատորին։ 

 

Հետևաբար, ապատեղեկատվության ստեղծումը և տարածումը մարդու կողմից գիտակցված գործունեություն է, կեղծ տպավորություն ստեղծելու և, համապատասխանաբար, օբյեկտը դեպի ցանկալի գործողությունների կամ անգործության մղելու համար: «Ապատեղեկատվության» բնորոշ առանձնահատկությունն այն է, որ այն ակտիվորեն կիրառվում է պատերազմի ժամանակ՝ անկախ նրանից՝ պատերազմը «տաք» է, թե «սառը»։ 

 

Ապատեղեկատվության ստեղծման և տարածման ինստիտուտի զարգացման գործում ԽՍՀՄ-ի դերի մասին կարծիք է արտահայտված Վաշինգտոն Փոստի հոդվածում․ «Before fake news, there was Soviet disinformation» («կեղծ լուրերից առաջ» կար սովետական ​​«ապատեղեկատվությունը»):

 

Վերոնշյալ ապատեղեկատվական արշավները նորություն չեն. հիշենք պատերազմի ժամանակ պրոպագանդայի մասին, որն օգտագործվում էր հասարակական կարծիքը թշնամու դեմ կենտրոնացնելու համար: Նորույթը, սակայն, համացանցի և սոցիալական ցանցերի օգտագործումն է այս արշավները տարածելու համար: Սոցիալական ցանցերի միջոցով ապատեղեկատվության տարածումը կարող է փոխել ընտրությունների արդյունքները, ամրապնդել կոնսպիրացիոնիզմը (դավադրության տեսություն) և տարաձայնություններ սերմանել:

 

Սթիվեն Սմիթը, MIT-ի Լինքոլն լաբորատորիայի AI ալգորիթմներ խմբի ներկայացուցիչը, նպատակ էր դրել ավելի լավ հասկանալ այս արշավները՝ գործարկելով Ազդեցության Գործողությունների Հետախուզություն (RIO) ծրագիրը: Նրա նպատակն էր ստեղծել մի համակարգ, որն ավտոմատ կերպով կբացահայտեր ապատեղեկատվություն պարունակող նյութերը, ինչպես նաև նրանց, ովքեր տարածում են դրանք սոցիալական ցանցերում: 

 

RIO համակարգը եզակի է դարձնում այն, որ այն համատեղում է մի քանի վերլուծական տեխնիկա, որը թույլ է տալիս պարզել, թե որտեղ և ինչպես են տարածվում ապատեղեկատվությունը:

 

RIO համակարգի փորձարկման ժամանակահատվածում թիմը հավաքել է 28 միլիոն թվիթերյան գրառում 1 միլիոն օգտահաշիվներից՝ պարզելու, թե որ գրառումներն են ապակողմնորոշող և ով է պատասխանատու ապատեղեկատվության տարածման համար: Այդ համակարգը վերլուծել է օգտահաշիվները և հայտնաբերել ապատեղեկատվություն տարածողներին՝ 96% ճշգրտությամբ։ 

 

«Ընտրված հաշիվները» հետագայում վերլուծվում են, և համակարգը կենտրոնանում է նրանց լեզվի և օտարերկրյա լրատվամիջոցների հետ փոխգործակցության վրա: RIO համակարգը կարող է հայտնաբերել և՛ չաթ-բոտերին, և՛ մարդկանց, ովքեր որոշակի ապատեղեկատվություն տարածող աղբյուրներ են: Համակարգը կարող է օգտագործվել կառավարությունների և այլ ոլորտների կողմից ապատեղեկատվության տարածումը կասեցնելու համար։

 

Ապատեղեկատվության դեմ պայքարի մի քանի այլընտրանքներ կան, որոնք կարող են  իրականացվել տարբեր ինստիտուտների կողմից: 

 

Կառավարությունները կարող են խրախուսել անկախ, պրոֆեսիոնալ լրագրությունը: Հասարակությանը անհրաժեշտ են լրագրողներ, որոնք կօգնեն հասկանալ բարդ իրադարձությունները և հաղթահարել սոցիալական, տնտեսական և քաղաքական իրադարձությունների անընդհատ փոփոխվող բնույթը: Կարևոր պայման է ունենալ անկողմնակալ և պրոֆեսիոնալ Չորրորդ իշխանություն։

 

Կառավարությունները պետք է խուսափեն բովանդակության գրաքննությունից և առցանց հարթակներին ապատեղեկատվության համար պատասխանատվության ենթարկելուց: Սա կարող է սահմանափակել խոսքի ազատությունը՝ ստիպելով մարդկանց վարանել կիսվելու իրենց քաղաքական հայացքներով՝ վախենալով, որ դրանք կարող են գրաքննվել: Նման չափազանց սահմանափակող կարգավորումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել և ակամա խրախուսել ավտորիտար ռեժիմներին թուլացնելու խոսքի ազատությունը:

 

Մեդիա արդյունաբերությունը պետք է շարունակի կենտրոնանալ բարձրորակ լրագրության վրա, որը վստահություն է ներշնչում և մեծ լսարան է գրավում: Շատ մեդիա կազմակերպություններ վերջին մի քանի տարիների ընթացքում հասել են ընթերցողների և դիտողների թվի զգալի աճի, սակայն դրա հետ մեկտեղ վերջին տարիներին ԶԼՄ-ների նկատմամբ հանրային վստահության կտրուկ անկում է նկատվել: Աղետների, քաոսի և անկարգությունների ժամանակ աշխարհին անհրաժեշտ է ուժեղ և ճկուն լրատվամիջոց, որը քաղաքացիներին կտեղեկացնի ընթացիկ իրադարձությունների մասին:

 

Տեխնոլոգիական ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն տեխնոլոգիաների մեջ՝ կեղծ լուրեր գտնելու և դրանք օգտատերերին ալգորիթմների և քրաուդսորսինգի միջոցով բացահայտելու համար: Կան կեղծ լուրերի և ապատեղեկատվության հայտնաբերման նորամուծություններ, որոնք օգտակար են մեդիա հարթակների համար: Օրինակ, կեղծ լուրերի հայտնաբերումը կարող է ավտոմատացված լինել, և սոցիալական մեդիա ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն իրենց համակարգերում այդ ծրագրերը ներդնելու համար:

 

Մեդիա գրագիտության կրթական ծրագրերի ֆինանսավորումը պետք է լինի կառավարությունների առաջնահերթությունը: Նման ծրագրերը պետք է օգնեն մարդկանց դառնալու առցանց տեղեկատվության ավելի «որակյալ» սպառողներ: Ներդրումներ պետք է արվեն լրագրողների, բիզնեսների, կրթական հաստատությունների և ոչ առևտրային կազմակերպությունների միջև համագործակցությանը նպաստելու, մեդիագրագիտությունը խրախուսելու համար:




Ապատեղեկատվություն և պրոպագանդա



Գիտական շրջանակում ապատեղեկատվություն եզրույթը համեմատաբար նոր է։ Հետազոտողների մեծամասնությունը այն վերագրում է ռուսերեն дезинформация բառին, որը 1950-ական թվականներին խորհրդային գիտնականները սահմանում էին որպես «հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով կեղծ հոդվածների տարածում (մամուլում, ռադիոյով և այլն)»: Մյուսները ենթադրում են, որ հասկացության ամենավաղ օգտագործումը ծագել է 1930-ական թվականներին նացիստական Գերմանիայում: Երկու դեպքում էլ, այն շատ ավելի երիտասարդ է (և ավելի քիչ օգտագործվող), քան «պրոպագանդա»-ն, որը սկիզբ է առել 1600-ականներին և, ընդհանուր առմամբ, ենթադրում է քաղաքական ազդեցություն ստեղծելու նպատակով տեղեկատվության ընտրովի օգտագործում:

 

Թե որքանով են պրոպագանդա և ապատեղեկատվություն հասկացությունները նույնական, գիտական շրջանակներում այդ հարցը դեռ մնում է բանավեճի առարկա։ Ոմանք պրոպագանդան սահմանում են որպես իռացիոնալ փաստարկների օգտագործում՝ քաղաքական իդեալը առաջ տանելու կամ խարխլելու համար, իսկ ապատեղեկատվությունը օգտագործում են որպես պրոպագանդան խթանելու այլընտրանքային միջոց: Մյուսները դրանք համարում են բոլորովին առանձին հասկացություններ։ 

 

Հանրաճանաչ տարբերակումներից մեկն այն է, որ ապատեղեկատվությունը նկարագրվում է նաև քաղաքական դրդապատճառներով համեմված հաղորդագրություններ, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն առաջացնել հանրային անապահովություն, ապատիա, անվստահություն և տագնապ, որը քաղաքացիներին զրկում է սոցիալական կամ քաղաքական փոփոխությունների համար մոտիվացիայից և մոբիլիզացիայից: 

 

Վերլուծաբանները հիմնականում համաձայն են, որ ապատեղեկատվությունը պարտադիր չէ, որ բաղկացած լինի բացահայտ ստերից կամ կեղծիքներից: Այն կարող է բաղկացած լինել հիմնականում ճշմարիտ փաստերից, որոնք դուրս են բերվել համատեքստից կամ միախառնված են կեղծիքի հետ, որի նպատակն է աջակցել տվյալ հաղորդագրությանը կամ լրատվությանը: 

 

Ռուսական համատեքստում հետազոտողները սահմանել են պրոպագանդան, որպես Մոսկվայի արտաքին քաղաքական նպատակներն առաջ մղելու համար հետևյալ գործողությունների շարք. հակառակորդի հայտարարությունները կամ մեղադրանքները շեղելը, իրադարձությունները քաղաքական նպատակներով խեղաթյուրելը, ուշադրությունը շեղել սեփական գործունեությունից, շփոթեցնել նրանց, ովքեր կարող են խոչընդոտել որևէ դերակատարի նպատակների իրագործմանը։



21-րդ դարում անհատների կամ պետությունների գոյատևումը կախված է ստացված տեղեկատվության քանակից և որակից, ինչպես նաև թե ինչպես է մարդը արձագանքում դրան: Լրատվամիջոցները այն աղբյուրներն են, որի միջոցով մարդիկ և պետությունները ստանում և փոխանցում են տեղեկատվություն: Լրատվությունը կարող է երբեմն լինել նաև ապատեղեկատվության կամ պրոպագանդայի տեսքով, որը կարելի է տեսնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում: 

 

Ինֆորմացիան գլոբալիզացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ ժամանակից ի վեր միջազգային և տեղական լրատվամիջոցները սկսեցին ներկայացնել որևէ հասարակության, անձի, խմբի կամ պետության շահերը՝ որպես գործիք օգտագործելով պրոպագանդան: Վերլուծաբանները առաջարկում են մի քանի միջոց, որը կօգնի տարբերակել կեղծ լուրերը իրական լուրերից. պրոպագանդան՝ զուտ ինֆորմացիայից։ 

 

Պետք է միշտ ինքներս մեզ հարցնել՝ ի՞նչ կարևոր ինֆորմացիա է բացակայում տվյալ հոդվածում։ Ինչպե՞ս կարձագանքեի, եթե այստեղ այլ փաստեր շեշտադրվեին։ Կամ ի՞նչ ինֆորմացիա կպարունակեր հոդվածը եթե գրված լիներ հակառակ տեսակետը ունեցողի կողմից։ Վերոնշյալ հարցերի պատասխանները օգնում են պարզել՝ մեդիան պրոպագանդայի թե՞ տեղեկատվության գործիք է:

 

Եվրամիությունում (ԵՄ) ապատեղեկատվությունը և պրոպագանդիստական արշավները հիմնականում կապված են քաղաքական կուսակցությունների հետ, որոնք չարաշահում են լրատվամիջոցներում ներկայացվածությունը՝ վախ և խաբեություն տարածելու համար: Այս ապատեղեկատվական արշավները հաճախ ընդօրինակում են ԶԼՄ-ները և տարածում են սկանդալային բովանդակությամբ լրատվություն, որի պահանջարկը կա հասարակության շրջանում:

 

Օրինակ, Nova24TV-ի դեպքը Սլովենիայում․ պրոպագանդիստական լրատվական ալիք, որը հիմնադրել է աջակողմյան խորհրդարանական կուսակցությունը 2015 թվականին և մասամբ վճարվել է ստվերային փողերով: Nova24TV-ն ունի իրավաբանական հասցե, հեռուստաստուդիա և «թղթակիցներ», որոնք լրիվ դրույքով աշխատում են հեռուստաալիքում։

 

Լրատվականի սեփականության մասնաբաժինները բաժանված են աջակողմյան կուսակցության և Օրբանի ռեժիմի հետ կապ ունեցող բիզնեսների միջև։ «Ատելության գործարան» պիտակավորված լրատվական կազմակերպությունը, որը սկանդալային բովադակությամբ լրատվություն է թողարկում ընդդիմադիր հասարակական, քաղաքական գործիչների և իրենց իսկ պրոպագանդային դեմ արտահայտվողների մասին, գրանցված է Սլովենիայի ԶԼՄ-ների պետական ռեգիստրում, ինչը թույլ է տալիս նրանց դիմել ​​լրատվամիջոցների պետական դրամաշնորհների և հանրային ֆինանսավորման այլ աղբյուրների:

 

Չնայած Nova24TV-ն շուկայի մեծ մասնաբաժին չունի, սակայն դրա ազդեցությունը հասարակական կարծիքի վրա զգալի է, քանի որ հոդվածների առաջխաղացմամբ զբաղվում են կուսակցության և կառավարության անդամները։ Չնայած լրատվության մեծ մասը ապատեղեկատվություն է պարունակում, սակայն որևէ խոչընդոտի չի հանդիպում և հրապարակվում է։ Իսկ որոշ դեպքերում նման ապատեղեկատվությունը հասնում է նույնիսկ միջազգային լսարանին:

 

Այսպիսով, եթե Եվրահանձնաժողովը և Եվրախորհրդարանը լրջորեն են վերաբերում պրոպագանդային, ապատեղեկատվության արշավներին, նրանք պետք է ուշադիր ուսումնասիրեն քաղաքական կապերը մեդիա արդյունաբերության հետ և պարզեն թե ում է պատկանում տվյալ լրատվամիջոցի սեփականության իրավունքը:



Ապատեղեկատվությունն ընդդեմ հայաստանյան քաղաքացիական հասարակության

 

Հայաստանում ապատեղեկատվությունը նոր երևույթ չէ, բայց ոչ միշտ է եղել այդքան մասշտաբային։ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ապատեղեկատվությունը սկսեց արագորեն տարածվել Հայաստանում․ և՛ Covid-19-ը, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 2020-ին, էլ ավելի հստակ ցույց տվեցին Հայաստանի խոցելիությունը ապատեղեկատվության նկատմամբ։

 

Եվրոպական միության և առհասարակ Արևմուտքի, ինչպես նաև արևմտյան արժեքների, սոցիալական և մշակութային հարցերի մասին ապատեղեկատվական նյութեր են շրջանառվում  քաղաքացիների, Հայաստանի իշխանությունների շրջանում՝ միջազգային գործընկերների հանդեպ անվստահությունը մեծացնելու նպատակով։

 

Հայաստանի հասարակությունը որպես ամբողջություն ենթարկվել է տասնամյակների ոչ ժողովրդավարական կառավարման, արմատական վերաբերմունքի, որը հակասել է ժողովրդավարական նորմերին: Բանավեճերը, տեսակետների փոխանակումը, մասնակցությունը դարձել են ավելի բաց, սակայն մասնակցությունը հանրային քննադատության կիրառման միջոցով հաճախ առաջացնում է դիմադրություն և դատապարտում, հատկապես սոցիալական ցանցերում:

 

Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) համար մի շարք առումներով համեմատաբար բարենպաստ է: Այնուամենայնիվ, ներկայումս ՔՀԿ-ների և կառավարության միջև երկխոսության սահմանափակ պաշտոնական մեխանիզմներ կան: Սակայն ակնհայտ է, որ հետհեղափոխական Հայաստանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռեց զարգացնել պետական ​​կառույցների հետ փոխգործակցության նոր, ֆորմալ և ավելի արդյունավետ ուղիներ և գործընթացներ:

 

Հզոր ժողովրդավարական ​​ինստիտուտների և հավասարակշռող ընդդիմադիր կուսակցությունների բացակայության պայմաններում քաղաքացիական հասարակությունը առանցքային դեր է խաղում՝ ապահովելով պետական ​​վերահսկողություն, ընդդիմանալով որոշ օրենսդրական նախաձեռնությունների և նպաստելով ժողովրդավարական արժեքների և գաղափարների վրա հիմնված հանրային քննարկումների: Արդյունքում քաղաքացիական հասարակությունն արդյունավետ է եղել պետությանը պատասխանատվության ենթարկելու հարցում:

 

2018 թվականի մայիսից հետո քաղաքացիական հասարակության դեմ հրահրվեց ապատեղեկատվության և ատելության հոսք, որի հիմնական պատճառը հենց քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ դերակատարություն է տարբեր ոլորտներում։

 

Ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական հասարակության դեմ ապատեղեկատվությունը Հայաստանում եղել է մինչ 2018 թվականի  հեղափոխությունը։ Այնուամենայնիվ, այն նախկինում եղել է ընդհատումներով, ակտիվացել է որոշակի համատեքստերում և ի պատասխան այնպիսի դրդապատճառների, ինչպիսիք են օրենսդրական առաջարկները կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների նախաձեռնած տեղեկատվական արշավները: Այս գործողությունները ապատեղեկատվական աղբյուրները ներկայացնում էին որպես հայկական ազգային կամ ընտանեկան արժեքներին հակասող (ինչպես օրինակ՝ ընտանեկան բռնությունից օրենսդրական պաշտպանության կամ կանանց իրավունքների համար արվող հայտարարությունները):

 

Քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարության դեմ ուղղված ապատեղեկատվական արշավները հեղափոխությունից հետո աճեցին թե՛ ծավալով, թե՛ հաճախականությամբ: Եթե ​​նախկինում քաղաքացիական հասարակությունը երբեմն որոշ հասարակական կամ քաղաքական գործիչների կողմից որակվում էր որպես օտարերկրյա գործակալ կամ ազգային անվտանգության սպառնալիք, 2018 թվականից հետո այդ ընկալումները դարձան հասարակության լայն շրջանում հաճախ արծարծվող թեմա:

 

«Օտարերկրյա գործակալներ» եզրույթի տակ կարելի է միավորել քաղաքացիական հասարակության մասին ապատեղեկատվական արշավների մեծ մասը, որը փորձում է քաղաքացիական հասարակությունը ներկայացնել որպես այլ երկրների շահերին սպասարկող հակապետական ​​տարր: 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի պատերազմի բռնկումից ի վեր, ապատեղեկատվական արշավները խեղաթյուրել են ընկալումները՝ քաղաքացիական հասարակությանը ներկայացնելով որպես «թշնամի գործակալ», որը ձգտում է խարխլել հայկական պետականության հիմքերը, ներառյալ բանակը և եկեղեցին, հօգուտ գլոբալիզմի և լիբերալիզմը։

 

2020 թվականի սեպտեմբերից քաղաքացիական հասարակությունը ներկայացվում է որպես դերակատար, որը ձգտում է քանդել ռուս-հայկական հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական ոլորտում, պետության ներսում աշխատող «գործակալների» միջոցով։

 

Հայաստանում քաղաքացիական հասարակության դերի և երկրի քաղաքացիական սեկտորին աջակցելու գործում միջազգային դոնորների դերի մասին վաղուց հանրային բանավեճ է եղել: Դրանք հայ հասարակության քննարկման լեգիտիմ հարցեր են։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին ապատեղեկատվական նյութերի տարածումը սահմանափակեց փաստերի վրա հիմնված առողջ դիսկուրսը: Քաղաքացիական նախաձեռնությունները, քաղաքական և հասարակական գործիչները օգտագործել են իրենց դիրքորոշումները այս բանավեճերում, հատկապես արևմտյան ֆինանսավորման դերի վերաբերյալ, արժեքային համակարգեր և քաղաքական դիրքորոշումներ սահմանելու համար: Բևեռացված տեղեկատվական էկոհամակարգի հետևանքով քաղաքացիական հասարակության տեսակետները շատ արագ որակվում են որպես օտար կամ սպառնացող, և ակտիվիստները դառնում են ատելության խոսքի կամ կեղծ նյութերի թիրախ՝ բանավեճերում իրենց դիրքորոշման պատճառով:

 

Քաղաքացիական հասարակությունը հիմնովին նպատակ ունի ներկայացնելու և խթանելու ժողովրդի կամքը: ՔՀԿ-ներին ուղղված բազմաթիվ կեղծ պատմություններ կարող են հանգեցնել քաղաքացիական հասարակության և լայն հասարակության միջև կապի խզման: Այս երևույթը հատկապես վտանգավոր է հիմա, երբ երկիրը կանգնած է պատերազմից հետո ծառացած քաղաքական հիմնահարցերի առաջ։ 



Խոսքի ազատությունը և ապատեղեկատվությունը

 

Տեխնոլոգիաների աճն ու զարգացումը, անկասկած, փոխել են հասարակության և լրատվամիջոցների բնականոն գործունեությունը: Ավանդական մեդիայի կրճատումը (օրինակ՝ թերթերի) և սոցիալական մեդիայի  միաժամանակյա աճը կոնսպիրացիոնիզմի (դավադրության տեսություն) առաջացման գործում հսկայական դեր են խաղացել:

 

Սոցիալական մեդիա հարթակները, ինչպիսին օրինակ Twitter-ն է, նախագծված էին, որպեսզի բոլորին (տեսականորեն) տարածք տրամադրեն՝ կիսվելու և վերարտադրելու այն, ինչ ցանկանում են: Եվ չնայած այն հանգեցրել է անհավանական արշավների, ինչպիսիք են թվային ակտիվիզմի աճը և սոցիալական շարժումները, օրինակ՝ #MeToo-ն (Me Too (կամ #MeToo), հեշթեգ, որ արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում 2017 թվականի հոկտեմբերին և ընդգծում է սեռական բռնության ու ոտնձգությունների քննադատությունը), այն նաև ստեղծել է մի հարթակ, որտեղ ապատեղեկատվությունը կարող է արագորեն տարածվել յուրաքանչյուրի կողմից:

 

Թեև ապատեղեկատվությունը վաղուց է եղել, որոշ գիտնականներ պնդում են, որ մենք մտել ենք «պոստ-ճշմարտության» դարաշրջան, որտեղ լրատվություն ստեղծողները ստիպում են ընթերցողներին հավատալ ինչ-որ տեղեկատվության, չնայած դրա դեմ եղած ապացույցներին: 

 

Համաճարակի սկսվելուց անմիջապես հետո հասարակությունը ապատեղեկատվության մեծ ալիք ստացավ։ Վիրուսի մասին գիտելիքների պակասը իդեալական միջավայր էր ստեղծել ապատեղեկատվության համար, քանի որ խառնաշփոթն ու անվստահությունը օրեցօր սրվում էր: Հետևաբար, զարմանալի չէ, որ Մադեյ Քարիի տեսանյութերի նման տեսանյութերը վիրուսային արագությամբ տարածվում էին և մեծ ազդեցություն էին ունենում հասարակության լայն շրջանակների վրա:

 

Մադեյ Քարին օստեոպաթ է, ով 2020 թվականի հունիսին YouTube-ում տեսանյութ էր ներբեռնել, որտեղ պնդում էր, որ Covid-19 պատվաստանյութերը կփոխեն ստացողների ԴՆԹ-ն: Տեսանյութը տարածվել էր՝ YouTube-ում հավաքելով ավելի քան 300,000 դիտում և վերահրապարակվել էր այլ հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը և WhatsApp-ը:

 

Սոցիալական ցանցերում շրջանառվող ապատեղեկատվության պատճառը փաստերի ստուգման և գրաքննության բացակայությունն է, որի միջով պետք է անցնեն այլ մեդիա հարթակներ, ինչպես օրինակ գրաքննվում են թերթերը (թեև այստեղ նույնպես բացառություններ կան):

 

Մադեյի տեսանյութի մասին խոսելիս մենք կարող ենք փաստել, որ թեև նրա բերած կենսաբանական փաստերը սխալ չեն, սակայն նրա կատարած եզրակացությունները և հղումները դեռևս ապացուցված չեն։

 

Կոնսպիրացիոնիզմի աճին նպաստող մեկ այլ գործոնը գիտության նկատմամբ վստահության քայքայումն է, որը մենք կարող ենք տեսնել, օրինակ՝ կլիմայի փոփոխությունը ժխտողների մոտ: Այնուամենայնիվ, Մադեյի մոտեցումը շատ հետաքրքիր էր, քանի որ նա օգտագործում էր գիտությունը՝ ապացուցելու իր տեսակետը, այն ամբողջովին անտեսելու փոխարեն: Հատկապես վտանգավոր է նրա բժիշկ լինելու փաստը, որը նրա հանդեպ հավատ է ներշնչում հասարակության շրջանում:

 

Սոցիալական մեդիա ընկերությունները, ինչպիսին է Facebook-ը, շատ ակտիվ են ապատեղեկատվության դեմ պայքարում: 2020 թվականի մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Facebook-ը հեռացրել է Covid-19-ի մասին ապատեղեկատվություն պարունակող ավելի քան 12 միլիոն գրառում։

 

Բայց արդյո՞ք գրաքննությունը կեղծ լուրերի և կոնսպիրացիոնիզմի դեմ պայքարելու լավագույն միջոցն է:

 

Այն բանից հետո, երբ Մադեյի տեսանյութը տարածվեց, սոցիալական մեդիա ընկերությունները, ինչպիսիք են YouTube-ը և Facebook-ը, ջնջեցին այն իրենց հարթակից՝ դադարեցնելով դրա տարածումը (չնայած որոնելիս դեռ կարելի է գտնել այն): Եվ չնայած գրաքննությունը կարող է արդյունավետ լինել այս տեղեկատվության տարածումը կասեցնելու համար, սակայն այն նաև կասկածի տակ է դնում խոսքի ազատության հիմնահարցը:

 

Խոսքի ազատությունը մարդու և քաղաքացիական իրավունքների հիմնաքարային մասն է, բայց արդյո՞ք ինչ-որ մեկի իրավունքն է ազատ խոսել, նույնիսկ եթե ապատեղեկատվություն է տարածում:

 

Խոսքի ազատությունը չի նշանակում, որ կառավարություններն ազատ են ներգրավվելու ապատեղեկատվության և մանիպուլյացիայի կանխամտածված արշավներում ուղղված ինչպես սեփական բնակչության, այնպես էլ միջազգային հանրության դեմ։ Դա չի նշանակում նաև, որ կառավարություններն անզոր են պաշտպանել իրենց բնակչությանը օտար ռեժիմների կանխամտածված ապատեղեկատվական արշավներից:

 

Խոսքի ազատությունը կենսական նշանակություն ունի, բայց չի կարող միայն պաշտպանել ճշմարիտ տեղեկատվությունը: Խոսքի ազատությունը պաշտպանում է բոլոր տեսակի տեղեկատվության և գաղափարների արտահայտումը, լինեն դրանք փաստեր կամ կարծիքներ, ճշմարիտ թե կեղծ, անկեղծ թե երգիծական: Խոսքի ազատությունը թույլ է տալիս յուրաքանչյուրին ասել այն, ինչ ուզում է, բացառությամբ քրեական օրենքով նախատեսված նեղ բացառությունների։

 

Բայց խոսքի ազատությունը չի պաշտպանում մանիպուլյացիայի մեթոդները։ 

 

Կարելի է գործողություններ ձեռնարկել մանիպուլյացիոն արշավների դեմ, եթե այն խաթարում է ազգային անվտանգությունը կամ հասարակական կարգը: Խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել հատուկ նպատակներով, որի մեջ էլ հենց կարելի է ներառյալ ազգային անվտանգության կամ հասարակական կարգի պաշտպանության անհրաժեշտությունը, պայմանով, որ սահմանափակումներն լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ:



    © 2021-2024 Digital Communication Network Global. All rights reserved
    Powered by WEDO